կարևոր
1294 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 18:33

Դեռ տեխնիկական աշխատանքներ են տարվում. երկարատև լռությունից հետո Քաղավիացիայի կոմիտեն հայկական օդանավի մասին միայն այսքանն է հայտնում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ:

«Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է կոմիտեի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք օդանավի թռիչքը դարձրել են անհնարին: Իսկ ավելի վաղ էլ պարզաբանում էր ներկայացրել Իրանում վայրէջք կատարած «Բոինգ» օդանավի վերաբերյալ՝ տեղեկացնելով նաև, որ ՀՀ ԱԱԾ-ում կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ: