կարևոր
1626 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 13:42

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն, որը ներկայացնում ենք ստորև.

«2021թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի՝ 1993թ․ծնված բնակչին՝ անզգուշությամբ պատճառելով մահ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Արմավիրի մարզի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: