կարևոր
1196 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 12:08

Աշխարհի աչքի առաջ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն. Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումը ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է, որը մի կողմից արտահայտում է ադրբեջանական հասարակության շրջանում հայության նկատմամբ ատելության հսկայական պաշարը, մյուս կողմից հանդիսանում է այդ պաշարը սնուցող աղբյուր: Այս մասին հայտարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Այս ամենի մեջ ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը:

Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:

Ցավակցությունների և մարդու իրավունքների համընդհանրության մասին աղաղակելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»: