Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարն ավարտվեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Վերջին տուրում Հայաստանի և Լիտվայի հավաքականները չպարզեցին հաղթողին, իսկ Հորդանանն առավելության հասավ Լիբանանի նկատմամբ: Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը և Նենսի Ավեսյանը:
Հանդիպման ավարտից հետո կայացավ առաջնության մրցանակաբաշխությունը:
Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մելդա Շեշկուտեն (Լիտվա), խփած 4 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Ռիմանտե Յոնուսայտեն (Լիտվա), իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Օլգա Օսիպյանը (Հայաստան):
Վաստակելով 4 միավոր` մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Հորդանանի հավաքականը:
Չկրելով ոչ մի պարտություն և վաստակելով 5 միավոր` Հայաստանի ազգային հավաքականը դարձավ մրցաշարի փոխչեմպիոն:
Վաստակելով 7 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ Լիտվայի ընտրանին: