Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները՝ տեղեկացնում ենք, որ պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ:
Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը. խաղաղասիրությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է` նախատեսված միջազգային հանրության համար»։
Նշենք, որ Բաքվում բացվել է, «Ռազմավարների պուրակ», որտեղ ցուցադրված են այն զինտեխնիկան ու սաղավարտները, որոնք Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմից հետո մնացել են Ադրբեջանի զավթած տարածքներում:
Ներկայացված են նաեւ իբր ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, հայկական կողմն է արձակել Շուշիի ուղղությամբ: