Միացյալ Նահանգներում ոստիկանը կրկին աֆրո-ամերիկացու է սպանել, ինչից հետո անկարգություններ են սկսվել:
Դեպքը տեղի է ունեցել Բրուքլին-Սենթըր քաղաքում: Ոստիկանները կանգնեցրել են 20-ամյա Դանթե Ռայթի մեքենան՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար եւ պարզել, որ ավելի վաղ նրան ձերբակալելու մասին հրաման կար արձակված, սակայն հայտնի չէ, թե ինչ գործով:
Այս անգամ, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել աֆրոամերիակացի երիտասարդին, նա իր մեքենան է նստել՝ փախուստի դիմելու համար: Իրավապահներից մեկը կրակել է Ռայթի ուղղությամբ, սակայն մեքենայի ընթացքը շարունակվել է այնքան ժամանակ, մինչեւ այն բախվել է մեկ այլ մեքենայի, որը վարել է մի կին: Վերջինը հոսպիտալացվել է: Իսկ Դանթե Ռայթը տեղում մահացել է:
Դեպքից հետո մի քանի հարյուր մարդ է հավաքվել քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ: Սկսվել են բախումներ: Իրավապահներն արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք ոստիկանական 2 մեքենա են վնասել:
Բրուքլին-Սենթըրի քաղաքապետը պարետային ժամ է սահմանել: Ի դեպ, Բրուքլին-Սենթըրը գտնվում է Մինեապոլիս քաղաքի մոտակայքում, որտեղ մոտ 1 տարի առաջ սպիտակամորթ ոստիկանների գործողությունների հետեւանքով խեղդամահ էր եղել ես մեկ աֆրոմակերիկացի՝ Ջորջ Ֆլոյդը:
Իրավիճակը լարված է նաեւ հենց Մինեապոլիսում, որտեղ ընթանում է Ֆլոյդի սպանության համար մեղադրվող ոստիկանության նախկին աշխատակցի գործով դատավարությունը: