կարևոր
404 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-12 15:47

Մահացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը

Մահացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը

Ապրիլի 9-ին կյանքից հեռացավ բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

Աադոլֆ Մանթաշյանը ծնվել է Երևանում՝ 1932թ. օգոստոսի 16-ին: Նա իր գիտական գործունեությունը սկսել է 1956թ., երբ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և, որպես լավագույն շրջանավարտ, հրավիրվել աշխատելու Քիմիական տեխնոլոգիաների պրոցեսների և ապարատների ամբիոնում: 1958թ. նա գործուղվել է Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որպես ասպիրանտ, որտեղ և ճանաչված գիտնական Արամ Նալբանդյանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանել թեկնածուական դիսերտացիան:

Անգնահատելի են Ադոլֆ Մանթաշյանի ծառայություններն ակադեմիկոս Արամ Նալբանդյանի կողմից ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադրման գործում, որը 1975թ. Վերակազմավորվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի: Այստեղ նա իրականացրել է իր հիմնական հիմնարար գիտական աշխատանքները և պաշտպանել է դոկտորական դիսերտացիան:

1973թ. միչև օրս Ադոլֆ Մանթաշյանը եղել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ, 1987- 2006թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակահատվածը բարդ էր ինչպես գիտական ​​հանրության, այնպես էլ Հայաստանի համար առհասարակ: Այդ դժվար իրավիճակում Ադոլֆ Մանթաշանի գլխավորությամբ և ինստիտուտի կոլեկտիվի ջանքերով հաջողվել է շարունակել գիտական աշխատանքը և պահպանել ինստիտուտի դիմագիծը: