կարևոր
367 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-12 12:14

Պատմական այս օրը 2015 թ.-ին Վատիկանում առաջին անգամ Պապի գլխավորությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ տրվեց

Պատմական այս օրը 2015 թ.-ին Վատիկանում առաջին անգամ Պապի գլխավորությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ տրվեց

Ապրիլի 12, 2015. Պատմական օր.

1.Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում առաջին անգամ Պապի գլխավորությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ տրվեց Հայկական ծիրանափողի ուղեկցությամբ:

2. Պապն առաջին անգամ հնչեցրեց "հայերի Ցեղասպանություն" արտահայըությունը

3. Հայոց Կաթողիկոսները հիշարժան, հայրենանվեր ելույթներ ունեցան

4. Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչումը բարձրագույնն է, որ կարող է շնորհել Հռոմի պապը:

5. Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամենանշանակալի և ազդեցիկ ձեռքբերումը եղավ. աշխարհը խոսում է Հայոց Ցեղասպանության մասին և դատարապարտում է:

Աշխարհի տարբեր անկյուններից Վատիկան ժամանած հազարավոր և բազմազգ հավատացյալների առջև պապը խոսեց հայ ժողովրդի մեծագույն ողբերգության, Գրիգոր Նարեկացու մեծության, «տառապանքով և մարտիրոսությամբ թրծված»  մեր պատմության մասին, որը թանկագին գոհար անվանեց և ընդհանրական եկեղեցու հպարտություններից մեկը:

«Սիրելի հայ եղբայրներ և քույրեր, արդեն մեկ դար է անցել այն սարսափելի ոճրագործությունից, որը ձեր ժողովրդի համար հիրավի մարտիրոսություն եղավ:- նշեց Ֆրանցիսկոս պապն իր խոսքում,- Շատ անմեղ մարդիկ մահացան որպես Քրիստոսի անվան խոստովանողներ և մարտիրոսներ: Այսօր չի գտնվի որևէ հայ ընտանիք, որը այդ դեպքերի պատճառով կորցրած չլինի իր հարազատներից մեկին: Սա իսկապես դարձավ «Մեծ Եղեռն», ինչպես դուք եք կոչել այդ ողբերգությունը: Այս առթիվ ես մերձավոր կապ եմ զգում ձեր ժողովրդի հանդեպ և ուզում եմ հոգեպես միանալ այն բոլոր աղոթքներին, որ բարձրանում են ձեր սրտերից, ձեր ընտանիքներից և ժողովրդից»:

100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ի լուր աշխարհի ևս մեկ անգամ բնորոշելով որպես  ցեղասպանություն՝ պապը կոչ արեց առանց զիջումների ընդդիմանալ նման ոճրագործություններին, քանի որ դրանց անտեսումը ծնում է աստծուն և մարդկային արժանապատվությունը անարգող նոր աղետներ:

«... Կատարվածին  անդրադառնալը ոչ միայն հայ ժողովրդի և ընդհանրական եկեղեցու, այլև ողջ մարդկության պարտականությունն է, որպեսզի այս ողբերգությունից եկող ազդակները  կանխեն նման նոր արհավիրքները... Բոլոր նրանք, ովքեր  պետական և միջազգային կառույցներ են ղեկավարում, պարտավոր են  ընդդիմանալ նման ոճիրներին՝ առանց  որևէ կասկածի և զիջումների»:

Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, եկեղեցական տարբեր թեմերի առաջնորդներ Հայաստանից և աշխարհասփյուռ գաղթօջախներից, պետական  պաշտոնյաներ և մշակութային գործիչներ:

«Հայ ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին հայոց ցեղասպանության մասին և դատապարտեցին, այլև մարդասիրական առաքելություններ  իրականացրեցին՝  օգնելով  հաղթահարել բազմապիսի դժվարություններ»,-իր ողջույնի և շնորհակալության խոսքում նշեց  ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն  և անդրադարձավ կաթոլիկ եկեղեցու նախորդ պապերի կողմից ևս հայտարարություններին և ցեղասպանության ճանաչմանը՝ կարևորեց Վատիկանի արխիվների հրապարակումը:

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի պապը սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց  Տիեզերական եկեղեցու վարդապետ: 

Սրբադասման դատավորությունների կարդինալ Անջելո Ամատոն իր խոսքում նշեց, որ Գրիգոր Նարեկացուն իր կյանքով և վարդապետությամբ քարոզել է գեղեցկության վարդապետությունը և նրա խոսքի  գեղեցկությունը և վարդապետությունը գնահատել է ժողովուրդը:

«100 տարի առաջ Արևելյան եկեղեցու հայրապետներից մեկը՝ սբ Եփրեմ Ասորին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այժմ խնդրում ենք, որ Արեւելյան եկեղեցու հայրապետներին տիեզերական եկեղեցու վարդապետ հայտարարել Գրիգոր Նարեկացուն: Նա իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և ժողովրդի, և խորիմաստ աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր աշխատության Մատյան Ողբերգության հետ, որը հայ ժողովուրդն անվանում է Նարեկ և այն հայ ժողովրդի մեջ համարվում է նրա ամենատարածված գրությունն է:

Նրա միտքը և խոսքը համեմատելի է Հովհաննես Ոսկեբերանի և Գրիգոր Լուսավորչի հետ: Ահա այս պատճառներից ելնելով՝ բազմաթիվ եպիսկոպոսներ դիմել են Հռոմի պապին, որ նա հռչակվի Տիեզերական եկեղեցու վարդապետ: Բոլոր աստվածաբանները սրբերի սրբադասման դատավարության ժողովին տվել են իրենց դրական կարծիքը եւ ստորագրել այն հռչակագրի տակ, որ Գրիգոր Նարեկացին ստանա այդ պատվաբեր տիտղոսը: Բոլոր կարդինելների կողմից ևս տրվել է այդ համաձայնությունը»,-շեշտեց նա:

Նա նշեց նաև, որ այս տարի նաև առաջին հարյուրամյակն է այն սարսափելի չարիքի, որին զոհ գնաց հայ ժողովուրդը և այս ողբերգության մեջ ևս Գրիգոր Նարեկացին հանդես եկավ, որպես հույսի եւ խաղաղության կերտող:

Այնուհետև Թուրքիայում հայ կաթողիկե առաջնորդն գերաշնորհ Տեր Պողոս արքեպիսկոպոս Զեքյանը կարդաց Նարեկացու համառոտ կենսագրությունը՝ բացատրելու համար ներկաներին, թե որն է պատճառը, որի համար այդքան բազմաթիվ կարդինալներ խնդրել են նրան հռչակել տիեզերական եկեղեցու վարդապետ: