կարևոր
1647 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-09 21:16

«Պատերազմի աչքերը»․ ցավ, կորուստ, խորտակված երազանքներ, բայցեւ ապրելու վճռականություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տեղի է ունեցել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի «Պատերազմի աչքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի աշխատանքներում արտացոլված են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկանց ապրած ցավը, կորուստը, խորտակված երազանքները, բայցև ապրելու վճռականությունը, հավատն ապագայի հանդեպ:

«Հույս ունեի, որ պատերազմի ավարտից հետո կկազմակերպեմ ցուցահանես, որտեղ նախ և առաջ պատկերված կլինեն մեր հաղթանակի մասին պատմող լուսանկարներ: Սակայն 44-օրյա պատերազմի ընթացքում լինելով Արցախի տարբեր վայրերում և լուսանկարելով տարբեր իրավիճակներ, սկսած խաղաղ բնակավայրերի հրետակոծությունից մինչև մարտական գործողություններ, եկա այն եզրակացության, որ հաղթանակ բառը հարաբերական է ասված, ի վերջո պատերազմն ինքնին արդեն ողբերգություն է մտածող հասարակության համար»,-նշում է Դավիթը:

Լուսանկարիչը հնարավորություն չի ունեցել լինել Արցախի բոլոր կետերում, քանի որ եղել են նաև արգելված գոտիներ, բայց այնտեղ, որտեղ եղել է, մարտական գործողությունների ականատես է դարձել և տեսախցիկով որսացել է պահերը, նկատել, որ զինվորները ժպիտով են մարտնչում, հաղթանակի հույսով:

«Մենք՝ հայերս, ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր հարևանը թուրքն է, ում գերնպատակը հային բնաջնջելն է, ինչին և մենք ականատես եղանք այս պատրադրված և արյունահեղ պատերազմում:

Հիմա արդեն ցուցահանդեսի նպատակը և ասելիքը որոշ չափով փոխվել է: Ուզում եմ իմ լուսանկարներով աշխարհին ցույց տալ ոչ միայն հայ զինվորին, ով հերոսաբար մարտընչում էր թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ և պատրաստ էր իր կյանքը դնել զոհասեղանին հանուն իր ընտանիքի և իր ապագայի, այլև՝ պատերազմի թողած սարսափլի հետևանքները՝ ընդհատված մանկություն, սպասող մայրեր, սպանված քաղաքացիներ, ավերված եկեղեցիներ, խեղված մարդկային ճակատագրեր... Այս մանեով հանդերձ, ես հավատում եմ այն Հայրենիքին, որը դեռ գալու է»,-հավելում է լուսանկարիչը:

Դավիթ Ղահրամանայանի արձանագրած ամենախոսուն դրվագների ու պատերազամին համընթաց ընթացող կյանքի մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսին ներկա է եղել մեր գործընկերուհի Ալիսա Մելքոնյանը: