կարևոր
510 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-09 13:26

Արմեն Սարգսյանը լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրական փոփոխությունը, որը քննադատության էր արժանացել

Արմեն Սարգսյանը լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրական փոփոխությունը, որը քննադատության էր արժանացել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Դավիթ Ասատրյանը:

Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Նշված օրենսդրական փոփոխություններն Ազգայի ժողովի կողմից ընդունվելուց հետո վերոնշյալ և լրագրողական մի շարք այլ կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նոր փոփոխություններով էական վնաս կհասցվի խոսքի ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված իրենց մտահոգությունները՝ նշելով, որ հիշյալ օրենքը հակասություններ ունի ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավական ակտերի հետ, և ընդգծելով, որ նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում:

Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են՝ առանց մասնագիտական հանրության կարծիքին ու առաջարկություններին ծանոթանալու, առավել ևս՝ հաշվի առնելու:

Նշենք, լրագրողական կազմակերպությունները անընդունելի են համարում Ալեն Սիմոնայնի հեղինակած նախագիծը: