կարևոր
1413 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-08 23:46

Փրկված արջերը վերականգնում են իրենց բնազդները․ այս ձմեռ նրանք քուն են մտել

Փրկված արջերը վերականգնում են իրենց բնազդները․ այս ձմեռ նրանք քուն են մտել

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) 2020-2021թ.-ի ձմռանն աննախադեպ արդյունք է գրանցվել։

Ինչպես հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեք գորշ արջերը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել,  գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Վերջիններս 2020թ.-ի գարնանը ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել իրենց՝ վայրի արջերին բնորոշ բնազդները։  

Ձմեռման բնական գործընթացը կենդանիների բարեկեցության ապահովման մասին խոսող ամենաարդյունավետ ցուցանիշներից մեկն է։ Ընդգծենք, որ փրկված արջերից որևէ մեկն անազատության մեջ ապրելու տարիներին երբևիցե երկարատև քուն չի մտել, ինչը կրկնվելով ամեն տարի կենդանիների մոտ առաջացրել է հոգեֆիզիոլոգիական խանգարումներ:  Ձմեռային  քունը  որջում, որին արջերը սկսում են նախապատրաստվել արդեն ուշ աշնանը,  օգնում է բրդոտներին գոյատևել ցուրտ ամիսներին ու վերականգնել բնազդները: Մասնագետները լիահույս են, որ 2021թ.-ի ձմռանը երկարատև քուն կմտնեն բոլոր արջերը: 

Ներկայումս բոլոր արջերը դուրս են եկել իրենց որջերից ու գտնվում են Կենտրոնի մասնագետների խիստ վերահսկողության ներքո, իսկ կենդանիների սննդակարգն ու զբաղվածությունը կազմվել է՝ հնարավորինս մոտեցնելով բնական պայմաններին: Այժմ նրանք սնվում են մեծ քանակությամբ կանաչեղենով, ստանում են պրոտեինի հստակ չափաքանակ և ամբողջ օրը զբաղված են սննդի փնտրտուքով, այնպես ինչպես վայրի բնության մեջ: 

Արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ 35 արջեր, ինչպես նաև ստեղծվել է հատուկ Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ փրկված կենդանիները ապրում են պատշաճ սննդակարգով ապահովված և մասնագետների խնամքի ներքո։