կարևոր
2777 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-08 19:04

Մայրության տոնը Երևանում նշանավորվեց անվախ աղջկա արձանի տեղադրմամբ և անվախ կանանց բռնի ուժով բերման ենթարկելով․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մինչ ապրիլի 7-ին՝ մայրության եւ գեղեցկության տոնին, կառավարության շենքի դիմացից բերման էին ենթարկում կանանց, որոնք պահանջում էին, որ ոստիկանները թույլ տան իրենց ներս մտնել կառավարության շենք, այնտեղ թողնել «զոհերի արյամբ ներկված կարմիր մեխակներ» ու պահանջել Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության անդամների հրաժարականը, կառավարության մեկ այլ՝ երրորդ մասնաշենքի դիմաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, առանց մամուլին եւ հանրությանը տեղեկացնելու, տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը:

Նմանատիպ՝ «Անվախ աղջիկը» խորագրով արձան տեղադրված է Նյու-Յորքում (Տես՝ կից ֆոտոշարքում՝ ցլի դիմաց կանգնած) և շատ եվրոպական քաղաքներում, որտեղ արձանը խորհրդանշում է ֆեմինիզմ և կանանց իրավունքների բարձրաձայնում: 

Այն նպատակ ունի մեղմել երկրում սեռով պայմանավորված խտրականությունը, խրախուսել աղջիկների մասնակցությունը կառավարմանը, որոշումների ընդունմանը։

Երևանու ավագանու անդամները և Քաղաքապետի մամուլի խոսնակը նշել են, որ քաղաքապետարանի ավագանին այդ մասին տեղյակ չէ: Քաղաքացիները նույնպես տեղյակ չէին կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղադրված արձանից, սակայն կարծում են որ անիմաստ է կանանց անվախությունը խրախուսող արձան տեղադրել եւ միաժամանակ մի քանի մետր հեռավոության վրա բռնություն կիրառել եւ ձերբակալել նրանց:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանի խոսքով «Անվախ աղջկա» արձանը ավելի վաղ նվիրել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Խոսնակը նշել է,որ արձանի համար անհրաժեշտ է,ոչ թե ավագանու այլ պետգույքի վարչության թույլտվությունը:

Դեռ 2019 թվականին Մանե Թանդիլյանը, մատնանշելով Նյու-Յորքում տեղադրված «Անվախ աղջիկը» արձանը, խոսել է Հայաստանում եւս անվախ աղջկա արձան ունենալու մասին:Նախատեսված էր այն տեղադրել Հանրապետության հրապարակում, սակայն համավարակի եւ պատերազմի պատճառով հետաձգվել է տեղադրումը: «Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի շենքը՝ վստահ ու համարձակ կեցվածքով խրախուսելու կանանց ու աղջիկների մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարման, որոշումների ընդունման, իրավունքների պաշտպանության գործում։ Աղջիկների հզորացումը խրախուսող ու խորհրդանշող նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում․ մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով ու գլխազարդով»,-ասել է Զառա Մանուչարյանը:

Արձանի քանդակագործ Արմեն Սամվելյանը նշում է, որ որ արձանի տեսքի գաղափարը եղել է պատվիրատուինը․ «Մոտավոր 1 միլիոն դրամ  արժեր արձանը, քանդակը պատրաստ է եղել մեկ տարի առաջ և պետք է տեղադրվեր նախորդ տարվա մարտի 8-ին, բայց համավարակի պատճառով հետաձգվեց և երեկ նոր տեղադրվել է»։

Հավելենք, որ Մայրության եւ գեղեցկության տոնին բերման էին ենթարկված մոտ 20 «անվախ» կանանց թվում էր ազգայիրն հերոս գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կինը՝ Համեստ Երիցյանը, Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը,ինչպես նաեւ պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտան: