Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի աշխատանքներում արտացոլված են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկանց ապրած ցավը, կորուստը, խորտակված երազանքները, բայցև ապրելու վճռականությունը, հավատն ապագայի հանդեպ:
Հեղինակն իր լուսանկարչական աշխատանքները Երևանում ներկայացնելու է ապրիլի 8-ին՝ 19:00-ին, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում:
Երևանյան ցուցահանդեսը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:
«Հույս ունեի, որ պատերազմի ավարտից հետո կկազմակերպեմ ցուցահանես, որտեղ նախ և առաջ պատկերված կլինեն մեր հաղթանակի մասին պատմող լուսանկարներ: Սակայն 44-օրյա պատերազմի ընթացքում լինելով Արցախի տարբեր վայրերում և լուսանկարելով տարբեր իրավիճակներ, սկսած խաղաղ բնակավայրերի հրետակոծությունից մինչև մարտական գործողություններ, եկա այն եզրակացության, որ հաղթանակ բառը հարաբերական է ասված, ի վերջո պատերազմն ինքնին արդեն ողբերգություն է մտածող հասարակության համար»,-նշում է Դավիթը:
Լուսանկարիչը հնարավորություն չի ունեցել լինել Արցախի բոլոր կետերում, քանի որ եղել են նաև արգելված գոտիներ, բայց այնտեղ, որտեղ եղել է, մարտական գործողությունների ականատես է դարձել և տեսախցիկով որսացել է պահերը, նկատել, որ զինվորները ժպիտով են մարտնչում, հաղթանակի հույսով:
«Մենք՝ հայերս, ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեր հարևանը թուրքն է, ում գերնպատակը հային բնաջնջելն է, ինչին և մենք ականատես եղանք այս պատրադրված և արյունահեղ պատերազմում:
Հիմա արդեն ցուցահանդեսի նպատակը և ասելիքը որոշ չափով փոխվել է: Ուզում եմ իմ լուսանկարներով աշխարհին ցույց տալ ոչ միայն հայ զինվորին, ով հերոսաբար մարտընչում էր թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ և պատրաստ էր իր կյանքը դնել զոհասեղանին հանուն իր ընտանիքի և իր ապագայի, այլև՝ պատերազմի թողած սարսափլի հետևանքները՝ ընդհատված մանկություն, սպասող մայրեր, սպանված քաղաքացիներ, ավերված եկեղեցիներ, խեղված մարդկային ճակատագրեր... Այս մանեով հանդերձ, ես հավատում եմ այն Հայրենիքին, որը դեռ գալու է»,-հավելում է լուսանկարիչը: