կարևոր
1711 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-08 15:42

Դատարանը վերադարձրել է Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Դատարանը վերադարձրել է Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը հետ է վերադարձրել Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի։

Հայցադիմումի վերադարձման վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Դատարանն արձանագրել է, որ հայցադիմումում չի նշվել հայցվորի հաշվառման վայրի հասցեն, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պարտադիր պահանջն է, բացի այդ, չի նշվել նաև պատասխանողի հայրանունը, ինչն էլ հիմք է տալիս եզրահանգելու, որ չեն պահպանվել հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջները, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հայցադիմումը պետք է վերադարձնել, հայցվորին տրամադրելով թերությունները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար եռօրյա ժամկետª սկսած սույն որոշումն ստանալու պահից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127, 199 և 200 հոդվածներով դատարանը:

Հիշեցնենք, որ Չոբանյանը հայցը ներկայացրել էր մարտի 29-ին՝ Տավուշի մարզպետի պաշտոնում եղած ժամանակ:

Պատճառն այն էր, որ Բագրատյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, որ «Հենց այս պահին» ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Տավուշի մարզպետարանն ու ՊՆ-ն նույն օրը հերքել էին այս տեղեկատվությունը, սակայն այս հայտարարության պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը դադարեցվել է:

Չոբանյանը պահանջում էր հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ, որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ վճարել 1 դրամ: