կարևոր
1353 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-08 15:08

Կառավարությունը ԱԺ-ից հետ է կանչել ՄԻՊ-ի անկախության սահմանադրա-իրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը

Կառավարությունը ԱԺ-ից հետ է կանչել ՄԻՊ-ի անկախության սահմանադրա-իրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը տեղեկացնում է, որ Կառավարությունըն Ազգային ժողովից ետ է կանչել Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը: «Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»,- գրել է Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը մարտի 11-ի նիստին հաստատել էր օրենսդրական մի նախաձեռնության, որով Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխիքները վտանգի տակ են դրվում: Օրենսդրական փաթեթով առաջարկվել էր «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, որոմ սահմանված էր․

«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։

Ֆինանսների նախարարության առաջարկով՝ ՄԻՊ-ին ֆինանսավորելիս պարտավոր չեն նախորդ տարվա ֆինասավորման չափ կամ ավելի հատկացնել։ Այսինքն՝ կկարողանան նաև պակաս ֆինանսավորել։ Նախագծի հեղինակները համոզված են, որ այս մոտեցումը բխում է կառավարության 2019թ.-ի ծրագրից, բյուջետային համակարգի միասնականության, օգտագործման արդյունավետության սկզբունքներից, նշված է Նախագծի հիմնավորման մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախագծի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել, որոնք չեն ընդունվել: 

Նախագիծը լայն քննադատության էր արժանացել: Արման Թաթոյանն իր հերթին հայտարարել էր, որ «Այս դրույթով վերացվում է ոչ միայն ՀՀ ՄԻՊ-ի գործունեության երաշխիքը՝ որպես օմբուդսմեն: Մենք ունենք երեք միջազգային կարգավիճակ՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, երեխաների իրավունքների կոնվենցիայով նախատեսված միջազգային մեխանիզմ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության՝ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված մեխանզիմ: Այսինքն՝ սա վերաբերելու է նաև այդ ոլորտներում մեր գործունեությանը»:

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (ք. Ժնև) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով, որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել: