Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախումբը տեղի հայկական համայնքի անունից բաց նամակ է հղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունը:
Հանձնախումբը հորդորել է վարչապետին հավատարիմ մնալ դեռևս 2011 թվականին խորհրդարանում իր ունեցած ելույթին, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից է: Կարևոր է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես որ է»:
Ի տարբերություն խորհրդարանական տարիների գործունեության՝ արդեն վարչապետ Մորիսոնը, որը պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից, հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ տեղի տալով արտաքին ճնշումներին:
«Հիմա Ցեղասպանության ճանաչման ժամանակն է: Ավստրալիայում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ փոփոխվող քաղաքական մթնոլորտը և Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միջազգայնորեն արվող դրական քայլերը ստիպում են մեզ հավատալ, որ հիմա է ժամանակը»,- ասվում է նամակում:
Հանձնախմբից նշել են, որ վարչապետի պաշտոնը ստանձնելը չպետք է պատճառ դառնա, որպեսզի փոխվեն անձի արժեհամակարգն ու տեսակետները:
Նշելով, որ Սպիտակ տանից ևս կան դրական ազդակներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ հանձնախմբի անդամները շեշտել են, որ հիմա ճիշտ ժամանակն է մերժել սպառնալիքները, որոնք կիրառում է ավտորիտար Թուրքիան:
«Ավստրալիայի 50 հազարանոց հայկական համայնքի անունից մենք կոչ ենք անում ձեզ 1915 թվականի դեպքերը պաշտոնապես կոչել իր անունով՝ Ցեղասպանություն»,- ասվում է նամակում:
«Սպիտակ տան կողմից ակնհայտ ազդակներ են ստացվում, որ Նախագահ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայ համայնքը հույս ունի, որ այս տարի վարչապետ Մորիսոնը տեր կկանգնի իր հայտարարած համոզմունքներին և կմիանա ԱՄՆ-ին և ավելի քան 30 այլ պետությունների, ոորնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը», - ասում է ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:
«Պատմության ընթացքում մենք տեսել ենք, որ անպատիժ հանցագործությունը նոր հանցագործության է մղում, և մենք վստահ ենք, որ վարչապետը նպատակահարմար կգտնի՝ նպաստել վերջ ցեղասպանության ցիկլին վերջ դնելուն», - ավելացրել է Կայսերյանը:
Ամբողջական նամակին կարող եք ծանոթանալ այստեղ ՀՅԴ Ավսրալիայի Հայ Դատի Հանձնախմբի կայքում: