կարևոր
1582 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-07 18:20

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Ն. Մանգերի հուշամրցաշարում

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Ն. Մանգերի հուշամրցաշարում

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է բռնցքամարտի Նիկոլայ Մանգերի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանի 14 ներկայացուցիչները նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջից։

Մրցաշարի չեմպիոն են դարձել Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը: 69 կգ քաշային կարգի եզրափակչում Գուրգեն Մադոյանը հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Սամոֆալովին, իսկ 75 կգ քաշային կարգի չեմպիոնական մենամարտում Արման Դարչինյանը պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Լիպարիտ Ուստյանին:

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի, վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչ մենամարտին և բավարարվել է արծաթե մեդալով: Արծաթե մեդալ են նվաճել նաև 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Ն. Մանգերի հուշամրցաշարում երրորդ մրցանակին արժանացել են Սեյրան Եղիկյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հրայր Շահվերդյանը (63 կգ), Արսեն Պողոսյանը (69 կգ) և Արմեն Մաշակարյանը (69 կգ):

Հավելենք, որ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն 14 մեդալ նվաճած Ուկրաինայի թիմին: