Այսօր՝ ապրիլի 7-ին, Մոսկվայում սպասվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը մտադիր են քննարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը:
Օրակարգում են նաեւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը: Պուտինն ու Փաշինյանը մտքեր կփոխանակեն Հայաստանում սկսված ընտրական գործընթացների շուրջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու համար ապրիլի 2-ից Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացել էր: Փաշինյանի նախորդ այցը Մոսկվա տարեսկզբին էր՝ հունվարի 11-ին, երբ կայացավ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը:
Նշենք նաեւ, որ նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: