Պատերազմը տանուլ տված Հայաստանի ներկայիս իշխանությունները չպետք է թշնամու հետ խոսելու հավակնություն ունենան, բայց շատ մեծ հավակնություններ ունեն. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, մեզ պետք է այնպիսի իշխանություն, որը կկարողանա երկիրը ներկայացնել ե՛ւ հարեւաններին ե՛ւ միջազգային հանրությանը, մինչդեռ պատերազմի առաջին օրերից մինչեւ վերջ, առավել եւս, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Հայաստանի այս իշխանություններին, Կիրո Մանոյանի կարծիքով, լուրջ վերաբերվող պետություն չկա:
Նա հատուկ նշել է՝ այնպես չէ, որ տարածաշրջանում որոշողը Հայաստանն է, բայց արդեն տեսանելի է, որ տարածաշրջանում փոփոխությունները տեղի են ունենում՝ ի հաշիվ Հայաստանի շահերի: Կիրո Մանոյանն ասուլիսին նաեւ ասել է՝ որքան կառչած են մնում իշխանությունից, այնքան համոզվում է՝ տեղի ունեցածը դավաճանություն էր:
Հարցին՝ ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից, Կիրո Մանոյանը պատասխանել է՝ կարող է սա լինի Փաշինյանի կողմից Պուտինին ցտեսություն ասելու հանդիպում, եթե իր նշած արտահերթ ընտրությունները տեղի ունենան:
Նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ մինչեւ այսօր Ռուսաստանն այս իշխանություններին հանդուրժում էր, որպեսզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, որոնք ոչ բոլորն են հայանպաստ, իրագործվեն: Անդրադառնալով Պուտինի հետ ենթակառուցվածքների հարցի քննարկմանը, որը նույնպես ամրագրված է եռակողմ համաձայնագրով, Մանոյանը հիշեցրել է՝ մինչեւ համաձայնագրի 9-րդ կետը, կա ութերորդը՝ գերիների հարցի վերադարձը, որը Ադրբեջանը հանձնառու է եղել եւ չի իրականացնում: