04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ ապրիլի 6-ին, հայտարարեց, որ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն արդարացված են։ Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին։
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել։ Սեյրան Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվեց։
Որոշվեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնել: Կվերադարձվի նրա գրավի համար վճարված հինգ միլիոն դրամ գումարը: Յուրի Խաչատուրովի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվեց։
Աննա Դանիբեկյանը հայտարարեց. «Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ձեռք են բերում արդարացվածի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրված եղել միայն ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի առաջին մասով, որով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է: Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը արդարացվածի կարգավիճակ են ձեռք բերում մեղադրանքի համապատասխան մասով, որով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով: Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մնացած մասով՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետով և Արմեն Գևորգյանին՝ ՀՀ ՔՕ 311-րդ չորրորդ մասի, 190-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով սույն քրեական գործի քննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։
Հիշեցնենք, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով մեղադրանք էր առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գեւորգյանին, Սեյրան Օհանյանին։
Հիշեցնենք նաև՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը քիչ առաջ դադարեցվեց հանցակազմի բացակայության հիմքով։