կարևոր
1576 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-06 17:56

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի եւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամաբ  Քրեական Օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դատավոր Աննա Դանիբեկյանի որոշամբ դադարեցվեց։

Քիչ առաջ դատարանի որոշումը հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։ Որոշման հիմքը  ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 26 մարտի 2021 թվականի ՍԴՈ-1586 որոշումն է, որով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչվում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Այս հարցով պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել մարտի 27-ին: Մարտի 30-ի նիստին մեղադրանքի կողմը պաշտպանող դատախազները դատարան չէին ներկայացել, բայց գրավոր տեղեկացրել է, որ ՍԴ-ի կողմից 300․1 հոդվածի հակասահմանադրական լինելու վերաբերյալ որշման հրապարակումից հետո, մինչև ապրիլի 6-ը ժամանակ է խնդրում դատարանից նոր, ծավալուն միջնորդություն պատրաստելու համար։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դեռևս նախորդ շաբաթ՝ մարտի 27-ին պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել 300․1 հոդվածով քրեական հետապնդումը, կարճել այդ մասով քրեական գործի վարույթը, փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և մեղադրող կողմին պարտադրել գրավոր ներողություն խնդրել նրանից։

Ապրիլի 2-ի կայացած դատական նիստի ընթացքում դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել էր, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։ Դատարանը չբավարարեց այս միջնորդությունը և այսօր հրապարակեց որոշումը: 

ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվեց: Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին։ 3-օրյա ժամկետում Ռ․ Քոչարյանին, Ս․ Օհանյանին, Յուրի Խաչատուրովին ու Արմեն Գևորգյանին կուղարկվեն ծանուցագրեր՝ արդարացվածի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ պարզաբանումներով։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը դատարանը մերժեց։

Դատարանը որոշեց  Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել։ Սեյրան Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվեց։

Որոշվեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնել, գումարը վերադարձնել։ Յուրի Խաչատուրովի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվեց։

Դատարանը մերժեց նաև Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Յուրի Խաչատուրովից ու Սեյրան Օհանյանից գրավոր ներողություն խնդրել պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը արդարացվածի կարգավիճակ են ձեռք բերում մեղադրանքի համապատասխան մասով, որով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով: Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մնացած մասով՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետով և Արմեն Գևորգյանին՝ ՀՀ ՔՕ 311-րդ չորրորդ մասի, 190-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով սույն քրեական գործի քննությունը շարունակվում է»:

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին։