Սահմաանդրական դատարանը այսօր կայացած նիստում որոշել է վերսկսել Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը։
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը հայտնում է.
«Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով գործի վարույթը վերսկսելու մասին։
Դատաքննության նոր ամսաթիվ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 16-ը»։
Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։