Այս պահին վարկածներ չենք կարող նշել, քանի որ դեռ գործընթացը հետաքննության փուլում է: Նշանակվել է փորձաքննություն, մենք նույնպես ներգրավվելու ենք տարվող աշխատանքներում, հետաքննության գործընթացին: Նախնական վնասների մասով ոչինչ չեմ կարող ասել: Այս մասին «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի գլխավոր մասնագետ Կարեն Կարապետյանը՝ խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին:
««Սուրմալու» առևտրի կենտրոնում ստուգման ընթացքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության վերաբերյալ խախտումներ, որոնք արձանագրված են, կետերը բավական շատ են»,-ասաց նաև նշեց, որ խախտումներին ավելի լավ ծանոթանալու համար ճիշտ կլինի գրավոր դիմում գրել:
Հրդեհի հետևանքով այրվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի 18 տաղավար, 4 պահեստային տարածք: ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 3 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: