Այսօր՝ ապրիլի 6-ին՝ ժամը 17։45-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։
Հիշեցնենք, որ նախորդ դատավարության սկզբում դատավոր Դանիբեկյանն առաջնահերթ համարեց քննարկել Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը, որն, ըստ դատավորի, հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը։
Դատարանը ոչ իրավաչափ գնահատեց պաշտպանների սույն թվականի մարտի 23-ի դատական նիստին դրսևորած վարքագիծը, ինչպես նաև մեղադրողների սույն թվականի մարտի 30-ին դրսևորած վարքագիծը և կիրառեց սանկցիա պաշտպանների և դատախազների նկատմամբ:
Նշենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։