կարևոր
1889 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-05 22:39

Երեք տարի առաջ այս օրը Վատիկանում բացվեց Նարեկացու արձանը

Երեք տարի առաջ այս օրը՝ ապրիլի 5-ին, Վատիկանում տեղի է ունեցել «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Օծման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, բազմաթիվ հյուրեր: Նարեկացու արձանի օծման արարողություններից հետո Առ Աստված աղոթք հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները։

Վատիկանի սրտում բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակվելուց 3 տարի անց՝ կրկին ապրիլին:

Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացումը խորհրդանշում է Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք էլ ավելի են ամրապնդվել 2016 թվականին Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան՝ առաջին քրիստոնյա ժողովրդին այցելելու ժամանակ:

Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի այդ ժամանակվա դեսպան Միքայել Մինասյանը: Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասնակցությամբ:

Դեռևս 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին էր նվիրել Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Հռոմի Պապը հավանել էր արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը: