ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Մարտուն Ադոյանի անվանական աստղը համալրեց Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղին:
Աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 5-ին։
«Մարտուն Ադոյանն առաջին հերթին կարգին մարդ էր, շատ հետաքրքիր ընկեր, կինոյին նվիրված անձնավորություն: Զարմանալի բան էր. թվում էր, թե պրոդյուսերը կինոմասնագիտություն չէ, բայց Ադոյանի պես նվիրված, կինոյի նկատմամբ այդքան նուրբ մոտեցում ունեցող մարդիկ շատ քիչ են: Քիչ առաջ զրուցում էի ներկաների հետ, և ոչ ոք չհիշեց մի դեպք, որ Մարտունը որևէ մեկին կինոյի հարցում մերժած լինի»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:
Անվանական աստղի բացումից հետո «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Ադոյանի հիշատակին:
Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է Մարտուն Ադոյանի որդին՝ Հովհաննես Ադոյանը: Կինոնկարի ռեժիսորն Էդգար Բաղդասարյանն է: Ֆիլմը, որը նկարահանվել է Մարտուն Ադոյանի մահվանից հետո, Ադոյանի հարազատների, ընկերների, մտերիմների պատմությունների միջոցով պատմում է Ադոյանի՝ որպես գործարարի, ընկերոջ, ընտանիքի հոր, կինոթատրոնի տնօրենի և պարզապես մարդու մասին:
Մարտուն Ադոյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1986-1991 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետը, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալը: Եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսեր։
1991 թվականից մինչև իր կյանքի վերջ զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը։
Մահացել է 2020 թվականի ապրիլի 28-ին: