կարևոր
1155 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-05 19:06

Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի գործով դատական առաջին նիստը կկայանա մայիսին

Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի գործով դատական առաջին նիստը կկայանա մայիսին

2021 թվականի  մայիսի 4-ին ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի կքննի Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի գործը:  

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2021թ. մարտի 30-ին, Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Տիրան Խաչատրյանը պահանջել է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: 

TK & Partners փաստաբանական ընկերությունն այդ առնչությամբ հայտարարել էր, որ Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն հանդիսանում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

Ինչպես հաղորդել էինք, Տիրան Խաչատրյանը մեկ հայց էլ ներկայացրել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ նախագահի 24.02.2021 թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել: Այս գործի նախնական դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 11:00-ին: