կարևոր
1865 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-05 16:13

Այսօր՝ ապրիլի 5-ին հաստատվեց Ապրիլյան քառօրյա պատերազմի հրադադարը

Այսօր՝ ապրիլի 5-ին հաստատվեց Ապրիլյան քառօրյա պատերազմի հրադադարը

2016 թվականի ապրիլի 5-ին, ժամը 12․00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար սկսվեցին բանակցային գործընթացներ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ: 

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: 

Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերն առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ապրիլի 5-ին Մոսկվայում, Ռուսաստանի միջնորդությամբ, տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետեր գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորքերի շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։

  • Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ 
  • Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։

Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական: