Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ բողոքարկելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը, համաձայն որի՝ Գրիգորյանի և Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ է թողնվել:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցվել էր, և դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրիք 300․1 հոդվածի հետ կապված, ինչպես նաև դատավորի և Արցախի նախկին նախագահների անձնական երաշավորությամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից:
Սակայն դատավոր Գրիգորյանի լիազորությունները 2019-ի հուլիսի 29-ից կասեցվել էին, եւ գործը մակագրվել էր Աննա Դանիբեկյանին:
Արդեն 2020 թվականի մայիսի 5-ին Դատաազության մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության վերաբերյալ իր վարույթում քննված դատական գործերով, անձնական դրդումներով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ կարճել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատավորը նաեւ որոշել էր վերացնել Դավիթ Գրիգորյանի եւ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանց նկատմամբ Հայաստանի սահմանը հատելու արգելքը՝ այդպիսին կիրառված լինելու դեպքում: Դատարանը որոշման մեջ մատնանշել է դատավարական բնույթի այն էական խախտումները, որոնք հիմք են մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու եզրահանգման գալու համար:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս որոշումը 2020 թվականի հունիսի 25-ին դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: 2021 թվականի հունվարի 29-ին ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանը, նախագահող դատավոր՝ Սևակ Համբարձումյան, դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքը, որոշել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժել, անփոփոխ թողնել «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ» Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Բալայանի 2020թ. հունիսի 05-ի որոշումը:
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկաայցրել Վերաքննիչի այս որոշման դեմ: Գործը մակագրվել է դատավոր Սամվել Օհանյանին: