կարևոր
263 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-04-05 12:50

Վաչական դատարանը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը. Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը մնում է ուժի մեջ

Վաչական դատարանը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը. Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը մնում է ուժի մեջ

Ապրիլի 2-ին կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործն ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանի 17.03.2021 թվականի որոշմամբ բավարարվել է հայցվոր Օնիկ Գասպարյանի միջնորդությունը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ և ձեռնարկվել է հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը 23.03.2021 թվականին ներկայացրել է միջնորդություն՝ ՀՀ վարչական դատարանի 17.03.2021 թվականի «Հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ սահմանված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Նշված միջնորդության քննարկման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 02.04.2021 թվականին հրավիրվել է դատական նիստ, որին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը, պատասխանող Փաշինյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը:

Լսելով պատասխանողի և հայցվորի ներկայացուցիչների փաստարկները, ուսումնասիրելով գործի նյութերը, Դատարանը արձանագրել է, որ պատասխանողի պատասխանողի միջնորդության առաջին, չորրորդ և հինգերորդ մասերն, ըստ էության, դատողություններ են ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված՝ 17.03.2021 թվականի՝ «Հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման իրավաչափության վերաբերյալ, մինչդեռ Դատարանն արձանագրում է, որ նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա դատական ակտ չէ, իսկ վարչական դատարանը չունի իր կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի իրավաչափության ստուգման լիազորություն։

Դատարանն արձանագրել է, որ պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված` վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, հետևաբար Դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, քննարկելով ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով պատասխանող Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, 

Ո Ր Ո Շ Ե Ց
Պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժել։
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով ԳՇ պետի պաշտոնից իրեն ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում  է պաշտոնավարել մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։