կարևոր
1663 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-05 10:28

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին  և առաջադրված խնդիրներին
 

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդ

2021 թ. մարտի 29-ին հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի վերաբերյալ կատարված հայտարարությունների առիթով։ Կենտրոնական խորհուրդը նկատել է, որ վերջին օրերի իրադարձությունները` մասնավորապես վարչապետի, ԱԽ քարտուղարի և ԱԺ փոխխոսնակի հայտարարությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները հստակ քաղաքականություն են իրականացնում՝ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման համատեքստում, ինչը փաթեթավորվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների, ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացության մատնել մեր ժողովրդի պատմական անցյալը, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, իրավական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանը, ամբողջապես հրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումից ու կարգավիճակի հարցից և Հայաստանի Հանրապետության տարածքը մի քանի հնարավոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թուրքական երկու պետություններն իրար կապող աշխարհագրական միջանցք:

Հայաստանի իշխանությունները անգամ ևս զգուշացվել են՝ «Հայոց ցեղասպանության հարցը ուրացող և ղարաբաղյան հիմնախնդրից փաստացիորեն հրաժարվող իշխանությունը Հայաստանում դատապարտված է։ Դատապարտված է, այդ քաղաքականությունն առհասարակ և եթե իշխանությունները տուրք տան թուրքական պահանջներին և փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մեջ, միևնույնն է մեր ժողովուրդը երբեք դա թույլ չի տալու, իսկ որպես հետևանք՝ Հայոց պատմության տարեգրության մեջ ունենալու ենք թրքահաճո և դավաճանի պիտակ կրող իշխանության մասին տխրահռչակ էջեր»։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակել է աշխատանքներ իրականացնել ԱՄՆ կողմից Հայաստանին և Արցախին արտակարգ ֆինանսական օժանդակություն տրամադրելու, հայ գերիներին ազատ արձակելու, ինչպես նաև Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս առումով, անցած կես ամիսը բավական հագեցած էր։

Մարտի 16-ին Կոնգրեսի հայկական հարցերով խումբը, ի դեմս Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնախմբի ղեկավար Ադամ Շիֆի, սկսել է օրենսդրական գործընթաց, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող ավելի քան 200 հայ գերիներին։

Մարտի 19-ին ամերիկյան Սենատի երկու խմբակցությունների 37 սենատորներ միացել են Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի՝ նախագահ Բայդենին ուղղված կոչին՝ հետևելու Կոնգրեսի երկու պալատներին և պաշտոնապես ու ամբողջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Մի քանի օր անց հայ ռազմագերիների հարցը Մենենդեզը բարձրացրել է նաև Սենատում Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) կառավարիչի թեկնածության քննարկումների ժամանակ։

Մարտի 22-ին Ամերիկայի Արևելյան ափի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված Արցախում մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերին՝ մասնավորապես քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը և Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող՝ մարդու իրավունքների նկատմամբ բռնությունները։ Քննարկմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Ցեղասպանութան հետազոտությունների միջազգային ասոցացիայի նախագահ, պրոֆեսոր Հենրի Թեիրաուն, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը և միջազգային խորհրդատու Լևոն Գևորգյանը։

ԱՄՆ Արևելյան ափի Հայ դատի հանձնախմբից նաև հայտնում են, որ դեռևս փետրվարի 2-ին ԱՄՆ Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքի ղեկավար Մայք Սմիթը և քաղաքային խորհրդի անդամ Գլեն Էլլերբը ճանաչել են Արցախը:

Ապրիլի 1-ին Կոնգրեսի հայկական հարցերով խումբը սկսել է համապատասխան գործընթաց՝ Հայաստանին և Արցախին շուրջ 100 մլն դոլար ֆինանսական օժանդակության տրամադրման համար, որը պիտի նպատակաուղղվի անցյալ տարի ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները մեղմելուն։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի բազմավեկտոր աշխատանքներին անդրադարձել և այդ համատեքստում Ամերիկայի հայկական և հնդկական համայնքների սերտ քաղաքական համագործակցության մեծ հավանականությանն է փաստել հեղինակավոր Foreign Lobby կայքը՝ նկատելով, որ ամերիկահնդկական լոբբիստական կառույցները պահանջում են ամերիկյան պատժամիջոցներ կիրառել Պակիստանի նկատմամբ, որը հովանավորում է ահաբեկչական կառույցներին, ինչպես նաև ռազմական աջակցություն տրամադրեց ադրբեջանաթուրքական տանդեմին Հայաստանի ու Արցախի հետ վերիջն պատերազմի ընթացքում։

Մարտի 31-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը հրապարակել է ամառային կրթական ծրագրի ընդունելության մրցույթ։ Ցանկացողները պետք է դիմեն մինչև ապրիլի 15-ը։

Եվրոպա

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 5-րդ տարելիցի առիթով մարտի 22-ին՝ համագործակցելով Բելգիայի հայկական համայնքի պաշտոնական ներկայացուցչության հետ, Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը համերաշխության և ոգեկոչումի նամակ է ուղարկել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Քրոյին:  Հանձնախումբը հիշեցրել է, որ իբրև երկրի լիիրավ քաղաքացիներ, Բելգիայի հայերը զորակցում են պետության ու կառավարության հետ ահաբեկչության դեմ պայքարին, որը տարվում է ընդհանրապես Եվրոպայի մեջ: Նամակում նաև անդրադարձ է կատարվել, որ հայերը ահաբեկչության զոհ են դարձել: Մասնավորապես, 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից ահաբեկիչներ են ուղարկվել Արցախ:

Մարտի 24-ին Եվրոպական Խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաթչևը և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելյանա Զովկոն կոչ են Արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Այս հայտարարությանը նախորդել էր միջազգային իրավապաշտպան Human Right Watch կազմակերպության զեկույցը՝ Արդբեջանում հայ գերիների հետ անմարդկային վերաբերմունքի համար։ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակը (Բրյուսել) ողջունել է Եվրոպական Խորհրդարանի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ թերևս ամենատեղեկացված պատգամավորների այդ հայտարարությունը։

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի կատարած հետևողական աշխատանքի արդյունքում նաև Լոնդենի մետրոյի կայարաններից հեռացվել են ադրբեջանական շրջանակների կողմից տեղադրված պաստառները, որոնք նենգափոխում էին Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգության իրական ծագումը։

Բրիտանական Խորհրդարանի թվով հինգ պատգամավորներ, որոնք ներկայացնում էին խորհրդարանական բոլոր խմբակցությունները, համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին՝ հայ գերիների ազատման հարցում և այս խնդրով նորից դիմել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին։

Կանադա

Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքները հիմնականում կենտրոնացած են եղել թուրքական «bayraktar» հարվածային անօդաչուների առանցքային պահեստամասերի՝ Կանադայի կողմից Թուրքիա արտահանման սկանդալի շուրջ։ Խնդիրը լայնորեն քննարկվել է կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում, ինչպես նաև Խորհրդարանում հարցը բարձրացվել է անձամբ վարչապետ Ջ. Թրյուդոյի առջև։

Մարտի 12-ին, Կանադայի արտաքին գործերի և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը հրապարակել է խիստ վերամշակված փաստաթղթեր՝ բացահայտելով կարևոր տեղեկություններ՝ կապված 2020 թ․ մայիսին Թուրքիայի նկատմամբ հաստատված ռազմական նշանակության արտադրանքի արտահանման արգելքի իրագործումների հետ։

Մասնավորապես պարզվել է, որ լոբբիստական ինտենսիվ ջանքերի շնորհիվ Թուրքիան մոլորեցնող և ապակողմնորոշիչ հավաստիացումներ է տվել, որ կանադական WESCAM-ի թիրախային ճշգրտման սենսորները օգտագործվելու են Սիրիայում թուրքական գործողությունների համար: Սակայն այնուհետև Թուրքիան ապօրինաբար  սենսորները ուղղել է դեպի Ադրբեջան, որոնք վերջինս օգտագործել է Արցախի Հանրապետության դեմ իր ագրեսիայի ժամանակ՝ սպանելով բազմաթիվ հայերի և ստիպելով իրենց տները լքել շուրջ 90․000 անձանց:

Այս ամենը հաշվի առնելով՝ Հայ դատի Կանադայի հանձնախումբը մարտի 22-ին պաշտոնական նամակով դիմել է արտգործնախարար Մարկ Գերնեաուին՝ հորդորելով բացահայտել Թուրքիայում կանադական ռազմական նշանակության արտադրանքի հայտնվելու բոլոր հանգամանքները։

Խնդրի քննարկումները շարունակվել են նաև կանադական Համայնքների պալատում, որտեղ խորհրդարանական Միշել Շոնգը վարչապետ Թրյուդոյին հարցեր է ուղղել՝ կապված կանադական ռազմական նշանակության արտադրանքի՝ Թուրքիա արտահանվելու վերաբերյալ, խնդրելով հստակեցնել, արդյո՞ք Կանադական կառավարությունը զենքի արտահանման ասպարեզում առաջնահերթություն է տալիս կանադական շահերին և արժեքներին և արդյոք Թուրքիային ռազմական նշանակության մատակարարման այդ անխոհեմ քայլը այլևս չի կատարվի։

Կանադայի ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միության նախաձեռնությամբ և Մոնրեալի հայ ուսանողական միությունների ջանքերով չեղարկվել է Կանադայի Կոնկորդիա համալսարանում նախատեսված հանդիպում-քննարկումը, որին պետք է մասնակցեր կանադայում Թուրքիայի դեսպան Քերիմ Ուրասը։

Ավստրալիա

Մարտի 17-ին Հայաստանի հետ Հարավային Ավստրալիայի խորհրդարանի բարեկամության խմբի անդամներն անցկացրել են 2021 թ․ իրենց առաջին հանդիպումը՝ ղեկավարությամբ օրենսդրական հանձնաժողովի նախագահ Ջոնաթան Օ՛Դեաի և փոխնախագահ Վոլթ Սեքորդի։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։ Վերջինս շնորհակալություն է հայտնել Հարավային Ավստրալիայի խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության ազգային ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

Արդեն մարտի 22-ին Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները միացել են ֆեդերալ կառավարությանն ուղղված՝ Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրելու կոչին։ Օգնությունը պետք է ուղղվի անցյալ տարվա պատերազմի ընթացքում տեղահանված, վիրավորված և գերեվարված մարդկանց օժանդակելուն։

Մարտի 24-ին Ավստրալիայի կողմից հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախաձեռնությանը միացել է ֆեդերալ սենատոր Ռայս Սինգսը։

Մերձավոր Արևելք

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը մարտի 27-ին նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Լիբանանի Հայ դատի մարմինը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Ամերիկայի ժողովուրդը իրենց բարոյական տոկունությունը ցույց են տվել` օժանդակելով Ցեղասպանությունը վերապրած ու դրան ականատես դարձած որբերին ու տեղահանվածներին` «պատվական ավանդ, որ նախկին վարչակազմերը թվում է թե անտեսել են»:

Մարտի 26-ին, Հայ դատի Երուսաղեմի հանձնախումբը միացել է Իսրայելի պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ցույցին՝ ընդդեմ Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի։

Նոր Ջուղա

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակը, հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի իշխանությունների ամոթալի հայտարարությունները, իր հերթին  «խստորեն դատապարտել է Հայոց ցեղասպանության ուրացմանը միտված և Արցախյան հիմնախնդրից հրաժարվելու որևե արտահայտություն կամ քայլ»:

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

04.04.2021 թ.