Ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Մայր Աթոռի բարերարներ։
Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվեցին սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:
Սրբազան արարողության ընթացքում Արշակ Սրբազանն անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհրդին` ի մասնավորի նշելով. «Քրիստոսի հարությունը վեմն է մեր հավատքի: Առանց Հարության հրաշքի չէր կարող իմաստ ստանալ Քրիստոսի զոհաբերությունը՝ Նրա չարչարանքները, Նրա խաչելությունն ու Նրա մահը: Մթագնած երկնքում բոցավառվող արևի պես է ճառագայթում «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը՝ բարի լուրը, որ դարեր շարունակ վերափոխում է մարդկության կյանքը:
Իր խոսքում Արշակ Սրբազանը նաև անդրադարձ կատարեց վերջին տարում Հայոց աշխարհին պատուհասած պատերազմին՝ նշելով. «Այսօր հազարավոր նվիրական զոհերի գերեզմանների առջև, անվերականգնելի կորուստների ցավերով համակված, ինչպե՞ս ձայնակից լինենք Պողոս առաքյալին և ասենք. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը»:
Մեր երազանքները խորտակված են թվում, ապրածն՝ իմաստազրկված, հազարավոր ընտանիքներ՝ սրտաբեկված, անհուսությամբ մշուշված է ապագան և, կարծեք թե, կյանքը վերածվել է անԶատիկ մի պահեցողության: Ինչպե՞ս, ինչպե՞ս ճեղքել մշուշոտ խավարը։ Գիշերը ցերեկ է դառնում, բայց մեր գիշերվա վախճանը, թվում է, չկա: Մոռացե՞լ է մեզ արդյոք Աստված, թողել բախտի քմահաճույքի՞ն, թե՞ ժամանակ չունենք մենք Աստծո համար: «Արդ, - ասում է Պողոս առաքյալը, - հեռացրե՛ք ձեզանից հին մարդուն և նո՛ր մարդ դարձեք»: Փրկչի Հարությանը հավատացող «նոր մարդուն» խորթ են նյութապաշտությունն ու եսասիրությունը: Նա ժամանակը չափում է հավերժության կշիռքով, աղետն ու հիվանդությունը նրա համար փորձություն են, իսկ ձախորդությունը՝ փորձառություն՝ նոր հաջողության ձգտելու համար:
Արդ, լինենք Հարության հանդեպ անշրջելի հավատքով զինված «նոր մարդ» ՝ երկինք ուղղված վճիտ հայացքով, ապագայի հանդեպ վստահությամբ և խավարի դեմ մաքառելու վճռականությամբ»:
Սրբազան Հայրը, դիմելով ներկաներին, հորդորեց հարության ուրախությանը՝ ժամանակավորից մեկնել դեպի հավիտենականը, հարության հավատքով միավորվել, միանալ ու համերաշխվել՝ ձերբազատվել ամեն ատելությունից, թշնամանքից, անձնապաշտությունից:
Իր քարոզի ավարտին Արշակ Սրբազանը ևս մեկ անգամ աղոթք վերառաքեց Հարություն առած Փրկչին՝ հայցելով, որ Նա մխիթարության բյուր շնորհներով սփոփանք բերի մեր ժողովրդի զավակներին, ամոքի վշտացյալների վերքերը, հուսալքվածներին՝ հույս, տկարներին՝ ամրություն, հիվանդներին առողջություն շնորհի և առատաբաշխ Իր օրհնության ներքո խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու մեր ժողովրդին։
Հավարտ Պատարագի Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց հարկերից ներս տանել Հարուցյալ Աստվածորդու կենարար լույսը:
Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը և ՀՀ նախագահը մեկտեղվեցին Վեհարանում, ուր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք:
Ապրիլի 3-ին ճրագալույցի պատարագ է մատուցվում Հայ առաքելական եկեղեցիներում: Ապրիլի 4-ին Սբ Հարության՝ Զատկի տոնն է:
Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Մեծ Պահքի վերջին շաբաթը կոչվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի` Հիսուս Քրիստոսի երկրային կայնքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Սուրբ Հարության հաղթանակին: Այս շաբաթվա ընթացքում տեղի են ունենում փրկության համար ամենակարևոր իրադարձությունները: Ավագ շաբաթը բացահայտում է, որ իրականում պետք է ապրել բոլոր այն պատվիրաններով և պատգամներով, որ Քրիստոս փոխանցեց մարդկությանը: Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Հիսուսի թաղումը և գերեզմանի կնքվելը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի շաբաթ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն, իսկ երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր ասել:
Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել՝ վառել: Ճրագալույցի պատարագը արդեն իսկ ամբողջությամբ մուտք գործել է տալիս Հարության խորհրդի մեջ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Վերջում ներկաները խորանի կանթեղից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները՝ լուսավորելու համար աշխարհը լուսավորող Քրիստոսի լույսով: Ճրագալույցի Պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը: Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկով, հավկիթով և չամիչով փլավով:
Սբ Զատկի ճրագալույցի Պատարագի ավարտին պատարագիչ քահանան Սուրբ Սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն:
Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը «Այսօր հարյաւ» և «Քրիստոս հարյաւ» շարականների, տաղերի ու հոգևոր երգերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Եվ եկեղեցին՝ Քրիստոսի Հարության ուրախությամբ որպես մեկ ամբողջություն, ի պատասխան հնչեցնում է «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: