Ռուբեն Մելիքյանը և հանրային պաշտպան Ֆերդինանտ Սարգսյանն այսօր ասուլիսին ներկայացրին «նոյեմբերի 9-10»-ի քրեական գործով հայրենադարձ կամավորական Հակոբ Բերբերյանի (Պէրպէրյան) նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը մանրամասները։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Հակոբ Բերբերյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլեւս ազգային բանտարկյալ: Նրա համոզմամբ՝ գործ ունենք ոչ թե սովորական քրեական գործի, այլ քաղաքական հետապնդման հետ: «Բոլորին կխնդերմ ապրիլի 8-ին ժամը 15:30-ին լինել Ավան-Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի մոտ և մեր աջակցությունը հայտնել Հակոբին», - հայտնեց Մելիքյանը:
Հակոբ Բերբերյանին նոյեմբերի 21-ին մեղադրանք է առաջադվել՝ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Նրան վերագրվում է մեկ դրվագով բռնություն գործադրելը, մյուս դրվագով՝ գույք ոչնչացնելը։
Պաշտպանը հայտնեց, որ Բերբերյանի ձերբակալման 72-րդ ժամը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, միջնորդության քննարկման ժամանակ անգամ նախաքննական մարմինը խնդրել է հետաձգել նիստը, Բերբերյանն ազատ է արձակվել, իսկ միջնորդությունը նոյեմբերի 25-ին մերժվել է։
Բերբերյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։
Շուրջ 2.5 ամիս Բերբերյանը ազատության մեջ գտնվելով՝ հրավիրվել է վարույթ իրականացնող մարմին, դատական նիստերին և պատշաճ վարքագիծ է դրսևորել, սակայն դատարանը գտել է, որ անձը գտնվելով ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը։
«Այս անհասկանալի քրեական գործը բերում է մի իրավիճակ, որ մարդը, ով 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է առաջնագծում, ու նոյեմբերի 9-ին արտահայտել է իր վրդովմունքը..., այդ ամենը մի կողմ դրած այդ մարդու նկատմամբ կիրառվել է կալանավորում։ Այստեղ քաղաքական միտումներ կան՝ Հակոբ Բերբերյանին անազատության մեջ պահելու»,- հայտնեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու մասին հայտարարությունից հետո Երևանում ԱԺ-ի, Կառավարության և կառավարական առանձնատան մոտ քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին։ Ակցիաների մասնակիցների մի մասը մուտք է գործել ԱԺ և կառավարության շենքեր, ինչպես նաև՝ կառավարական առանձնատներ։
Ըստ հաղորդագրությունների՝ ակցիայի մասնակիցները կոտրել են կառավարության շենքի պատուհանները և դռները, ԱԺ-ում՝ բռնակներ, իսկ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ կառավարական առանձնատնից անհետացել էին օծանելիք, ժամացույց, համակարգիչ և այլ իրեր։ Հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կատարելու դեպքերի առթիվ։