Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության Ս. Գայանե վանքում ժամը 17:30-ին կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագը: Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը։
Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին։
Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։
Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագի ավարտին պատարագիչ քահանան սուրբ սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն։ Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը շարականների, տաղերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Եվ եկեղեցին՝ Քրիստոսի Հարության ուրախությամբ որպես մեկ ամբողջություն, ի պատասխան հնչեցնում է «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։
Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկան, ձվի և յուղի համտեսմամբ։
Պատարագի ավարտին հավատացյալները խորանի մոմից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները։
Պահքից դուրս գալու համար պետք է Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել, այսինքն՝ ոչինչ չուտել եւ չխմել՝ բացի ջրից, իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին՝ հաղորդություն ստանալ, որից հետո դուրս գալ պահքից: Զատկին հավկիթ ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում զատկական սեղանը: Անկախ նրանից տանը ննջեցյալ կա, թե ոչ՝ հավիթը ներկում են, իսկ փլավը եփում չամիչով:
«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Կարմիր հավկիթը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է: Հոգեհանգստի եւ գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է: