կարևոր
2027 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-03 11:47

Պարոն նախագահ, ցուցաբերեք արժանապատվություն և խիզախություն, ճանաչեք Հայոց Ցեղասպանությունը. Փենսիլվանիայի հայերը հրապարակային կոչ են ուղղում Բայդենին

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ամերիկահայերը բարձրաձայնում են և կոչ են անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Փենսիլվանիայի Հայ Դատի գրասենյակը հսկայական տեղեկատվական վահանակներ է տեղադրել նահանգի Բաքս եւ Մոնտգոմերի շրջաններում՝  կոչ անելով Բայդենին «արժանապատվորեն և խիզախաբար ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»:

Ավելի վաղ, ԱՄՆ 38 սենատոր կոչ էր արել նախագահ Բայդենին լիարժեքորեն և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք այսօր գրում ենք Ձեզ՝ խստորեն հորդորելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության ճշմարտությունը: Նախկինում Դուք ճանաչել եք Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, այդ թվում `Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձեր հայտարարության մեջ` 2020 քարոզարշավի ընթացքում: Մենք Ձեզ կոչ ենք անում այժմ նույնկերպ վարվել որպես Նախագահ՝ հավաստիացնելու, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի եղելությունը», այս կոչով ԱՄՆ 23 նահանգի 37 սենատոր միացել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հեղինակած նամակին:

Հեղինակավոր շատ լրատվամիջոցներ ու փորձագետներ խոսում են Բայդենի նախընտրական խոստման իրականացման մասին: Jerusalem Post պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ, «Social Lite Creative»-ի գլխավոր գործադիր տնօրեն, Թել Ավիվի ինստիտուտի վերլուծաբան Էմիլի Շրեդերը հայտնում է, որ «Բայդենի վարչակազմը, ըստ հաղորդումների, կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգների կողմից պատմական և երկար սպասված որոշմամբ»:

Ավելի վաղ, հունական ազդեցիկ Kathimerini պարբերականի հարցին ի պատասխան, Սպիտակ տան խոսնակն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համոզմամբ՝ կարևոր է ճանաչել պատմությունը՝ կապված Հայոց ցեղասպանության խնդրի հետ: 

Հավելենք, որ 2020 թվականի ապրիլի 24-ի իր ելույթում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ «ընտրվելու դեպքում ես խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»: