Թայվանում խոշոր երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, ևս 146-ը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս մասին հայտնել է Թայբեյ քաղաքի տրանսպորտային վարչությունը:
Գնացքը երկաթուղային գծից դուրս է եկել կղզու արևելյան մասում թունելով ուղևորվելիս։ Որոշ վագոններ բախվել են թունելի պատերին։
Տրանսպորտային վարչության հաղորդագրության համաձայն՝ փրկարարները դժվարությամբ են հասել թունել, որտեղ գտնվում էր գնացքի վնասված չորս վագոնները: Փրկարար ծառայության աշխատակիցները դուրս են բերել տասնյակ զոհերի մարմիններ։ Գնացքում եղել է 490 ուղևոր։
Գնացքը Թայվանի Թայբեյի վարչական կենտրոնից ուղևորվել է կղզու հարավ-արեւելյան մասում գտնվող Թայտուն քաղաք: Վթարի պատճառ է դարձել առանց վարորդի բեռնատարը, որը հարակից շինարարական հրապարակից դուրս էր եկել և հայտնվել էր երկաթուղային գծի վրա: