Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության հետ «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տրամադրել 100.000.000 չինական յուան գումարի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման և այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով:
Միաժամանակ, Հայաստանի Հանրային հեռուստատեսության զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության կողմից անհատույց օգնություն է տրամադրվել ներքոնշյալ համաձայնագրերով.
- 2014թ. սեպտեմբերի 24-ին և 2015թ. հուլիսի 14-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրերով «Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության զարգացման» ծրագրի հետազոտության և «Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության հեռարձակման նոր տաղավարի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման» նպատակով հատկացվել է համապատասխանաբար 500 հազ. և 580 հազ. չինական յուան՝ 2005թ. հունիսի 13-ին հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնագրով հատկացված գումարից:
- 2015թ. փետրվարի 3-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրով չինական կողմը «Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության տեխնիկական վերազինման” ծրագրի իրականացման համար տրամադրել է թվային շարժական հաղորդիչ կայան (HD Digital OB Van) և տեղադրել է Հանրային հեռուստաընկերության կենտրոնական կառավարման սարքասրահի ավտոմատացման համակարգը (HD Master Control room), որը հնարավորություն է ընձեռում HD թվային հեռարձակման համար: Նշված ծրագրի ծախսերն իրականացվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2013թ. սեպտեմբերի 10-ին և 2014թ. դեկտեմբերի 23-ին կնքված տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի շրջանակներում հատկացված գումարներից:
- «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև 2015թ. մարտի 25-ին և 2016թ. հունիսի 6-ին կնքված տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է 120 մլն. չինական յուանի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման հաստատված ծրագրի և այլ ծրագրերի քննարկման և իրականացման համար:
Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվել է նախագիծ՝ նոր տեխնոլոգիաներին համապատասխան, բարձր ձայնամեկուսացմամբ և ակուստիկայով, 1000 քմ տարածքով հեռուստաընկերության նոր տաղավար կառուցելու վերաբերյալ: Տաղավարը հագեցված կլինի թվային եթերային սարքասրահով և տաղավարային այլ տեխնիկայով` լուսային, ձայնային համակարգեր, կամերաներ, կռունկ և այլն:
Դրանց հիման վրա ստորագրման է նախապատրաստվում նամակների ձևով կնքվող համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման վերաբերյալ, որը կիրականացվի այդ համաձայնագրերով նախատեսված անհատույց օգնության միջոցներից: