կարևոր
954 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-02 16:28

Համալսարանական կառավարման բարձրագույն մարմնի անդամների այսօրինակ վարքագիծը աննախադեպ է և խստորեն դատապարտելի․ ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն

Համալսարանական կառավարման բարձրագույն մարմնի անդամների այսօրինակ վարքագիծը աննախադեպ է և խստորեն դատապարտելի․ ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը` որպես ԵՊՀ աշխատողների շահերն արտահայտող կառույց, խստորեն դատապարտում է կառավարության կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ներկայացված անդամների արարքը, որի պատճառով 2021 թ. ապրիլի 1-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ, և այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել հետևյալ իրողություններն ու խնդիրները.

1. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կանոնադրությամբ օժտված է Մայր բուհի զարգացումն ապահովող առանցքային դերակատարությամբ: Մեկ տարի առաջ լրացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը, և նոր խորհրդի կազմը հաստատվեց միայն 2020 թ. օգոստոսի 7-ին: Կառավարության կողմից ներկայացված խորհրդի անդամները առաջին իսկ նիստում դրսևորեցին ապակառուցողական դիրքորոշում, իսկ կարճ ժամանակ անց նրանց կազմից ընտրված խորհրդի նախագահն առանց որևէ բացատրության և անակնկալ ձևով վայր դրեց խորհրդի անդամի ու նախագահի լիազորությունները:

2.  ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերը մշտապես աչքի են ընկնում կառավարության կողմից ներկայացված խորհրդի անդամների՝ համալսարանական խնդիրների հանդեպ անտարբերությամբ, ինչի վառ ապացույցն այն փաստն է, որ նրանցից շատերը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստին օրակարգային հարցերը չսպառված, լքում էին նիստերի դահլիճը:

3. Ներկա պահին խորհուրդը չի իրականացրել իր գրեթե բոլոր առանցքային կանոնադրական լիազորությունները.  խորհուրդը չունի նախագահ, շուրջ երկու տարի համալսարանը չունի ընտրված ռեկտոր, զարգացման նոր ռազմավարական ծրագիր, չեն հաստատվել նախորդ տարվա ֆինանսական ու գործունեության հաշվետվությունները:

4. Համալսարանում առկա է կառավարման խորը ճգնաժամ, և այս իրողությունների համատեքստում 2021 թ. ապրիլի 1-ին հրավիրված խորհրդի նիստին կառավարության կողմից ներկայացված խորհրդի բոլոր 16 անդամների նիստին չներկայանալը ակնհայտ կազմակերպված է մեկ կենտրոնից՝  նպատակ հետապնդելով խորացնել ԵՊՀ-ում առկա կառավարման ճգնաժամը, ինչպես նաև սաբոտաժի ենթարկել մեր պետության զարգացման համար կարևորագույն հաստատություններից մեկի` Երևանի պետական համալսարանի գործունեությունը: 

5. Համալսարանական կառավարման բարձրագույն մարմնի անդամների այսօրինակ վարքագիծը աննախադեպ է և խստորեն դատապարտելի: Ցավոք, այն համալսարանական միջավայրի համար անթույլատրելի և անընդունելի նախադեպ կարող է լինել: Ըստ էության, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք, որոնցից շատերը հենց Մայր բուհի շրջանավարտներն են, չպատկերացնելով իրենց վրա դրված պատասխանատվության չափը, չեն կատարում իրենց պարտականությունները և կազմակերպված ձևով չներկայանալով նիստին՝ անհարգալից վերաբերմունք են դրսևորում խորհրդի մյուս անդամների՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական ու ուսանողական անձնակազմի ներկայացուցիչների հանդեպ:

ԵՊՀ արհմիության նախագահ  Ա.Ավետիսյան»,- ասված է հայտարարության մեջ: