կարևոր
1671 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-02 15:38

Այս տարի ԲՈՒՀ-երի ընդունելության հայտագրումը կկատարվի երկու փուլով, էլեկտրոնային` առցանց եղանակով

Այս տարի ԲՈՒՀ-երի ընդունելության հայտագրումը կկատարվի երկու փուլով, էլեկտրոնային` առցանց եղանակով

Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն, անվճար և վճարովի համակարգերը միաժամանակ: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: 

Ըստ այդմ` ընդունելության հայտագրումը կկատարվի երկու փուլով, էլեկտրոնային` առցանց եղանակով: Հիմնական կամ առաջին փուլում դիմորդները հնարավորություն կունենան ընտրելու միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ ի տարբերություն նախկինի, երբ դիմորդը կարող էր հայտագրել մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Սա կարգում կատարված ամենալուրջ փոփոխությունն է:

Կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնում է ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի: Ընդ որում՝ դիմորդը մինչև հայտագրման ավարտը կարող է կատարել նախընտրած բուհի և մասնագիտության փոփոխություն: ԳԹԿ-ն պարտավոր է ապրիլի 1-ից սկսած առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հայտարարություն, որտեղ կնշվեն ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների անվանումները:

Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները: Լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրելու 6 այնպիսի մասնագիտություն, որոնց ընդունելության համար պահանջվող միասնական քննությունները դիմորդն արդեն հանձնել է` հաղթահարելով դրական միավորի նվազագույն շեմը:

Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը՝ դիմում-հայտը առցանց լրացնելու տարբերակով:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատական և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավորներ ունեցող դիմորդին:

Այս տարի բուհերի դիմորդները հանձնելու են երկու քննություն: 

Հավելենք, որ Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: