կարևոր
1310 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-02 14:38

Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդությամբ հայտարարում է, թե Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցի կիրառման մասին որոշումը կատարման ենթակա չէ. փաստաբան

Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդությամբ հայտարարում է, թե Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցի կիրառման մասին որոշումը կատարման ենթակա չէ. փաստաբան

Դատական նիստի ընթացքում քննարկվեց կիրառված հայցի ապահովումը վերացնելու՝ վարչապետի կողմից միջնորդությունը, և մեր առարկությունները։ Այս մասին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին առնչվող դատական գործից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Այդ հիմնավորումները որևէ քննադատության չեն դիմանում։ Այսինքն՝ անձը մոտավորապես ասում է՝ ակտը չենք կատարելու․ փոխանակ քննարկեն՝ ինչպես անել, որ ակտը կատարվի, քննարկում են դա վերացնելը»,- ասաց Օրբելյանը:

Նշենք, որ Վարչական դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, և, ըստ Գասպարյանի փաստաբանի, Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:

«Եթե առկա է պաշտոնի վերականգնման անհնարինություն, ապա հարց է ծագում, թե ինչի կատարումն է ապահովելու այդ որոշումը։ Սույն գործով նույնիսկ հայցի ապահովման դեպքում, այն չի ենթադրում գործողությունների կատարում, հետևաբար հայցի ապահովման որոշման հիմքը փաստական է»,- միջնորդության մեջ մասնավորապես նշեց պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ տիկին Սարուխանյանը։

Դատավոր Մհեր Պողոսյանը միջնորդության ներկայացումից հետո հարցրեց ներկայացուցչին, հայցի ապահովման որոշման չեղարկումը պայմանավորել է նաև ռազմական դրությամբ, այսօր Հայաստանում առկա՞ է ռազմական դրություն։

«Պաշտոնապես առկա չէ, բայց հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, սահմանային լարվածությունը, ԳՇ նոր նշանակված պետն էլ արձանագրել է, որ ընդհանուր առմամբ լարվածություն կա, ռազմական դրություն հանելը դեռևս չի ենթադրում, որ բոլոր խնդիրները վերացել են։ Կարծում եմ, որ նշված միջնորդության մեջ հիմքերը շարունակում են մնալ արդիական»,-ասաց ներկայացուցիչը։

«Վերաձևակերպում եմ, չեմ խեղաթյուրում. պատասխանողի ներկայացուցիչն ասաց, սա դուք ճանաչելու եք, բայց ճանաչումը չի ենթադրում կատարում, մի հատ էլ կատարողական հայց կներկայացնեք, հետո կկատարենք։ Նման մոտեցման դեպքում ցանկացած իրեն հարգող երկրում վարչապետի ներկայացուցիչը, եթե ինքնագլուխ է արել, գործից կազատվեր, իսկ եթե ինքնագլուխ չէր արել, վարչապետը գործից կազատվեր։ Բացառվում է, որ ԱԺ-ն կամ պատասխանատու մարմինը վարչապետին դուրս չշպրտեր նման մոտեցման համար։ Եթե ներկայացուցչի ինքնուրույն միտքն էր, ինքը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության իր գործատուի կողմից, եթե ինքնուրույն չէր, և ներկայացնում է իր վստահորդի շահերը, ապա վստահորդը պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դիմել են Դատախազություն և ակնկալում են համապատասխան քրեական գործի հարուցում՝ դատարանի ակտը չկատարելու հիմքով։

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ ասելով, որ հայցի ապահովման ակտի վերացման համար օրինական հիմքեր չկան։

Վարչական դատարանն ավարտեց միջնորդության քննարկումը։ Դատավորը հայտարարեց, որ որոշումը կուղարկվի դատավարության մասնակիցներին։

ՀԻշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: