Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ընթանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Նախատեսվում էր, որ այսօր դատարանը կանդրադառնա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի քննությունը կարճելու վերաբերյալ դիմումին։
Սակայն դատավոր Դանիբեկյանն առաջնահերթ համարեց քննարկել Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը, որն, ըստ դատավորի, հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը։
Դատարանը ոչ իրավաչափ գնահատեց պաշտպանների սույն թվականի մարտի 23-ի դատական նիստին դրսևորած վարքագիծը, ինչպես նաև մեղադրողների սույն թվականի մարտի 30-ին դրսևորած վարքագիծը և կիրառեց սանկցիա:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա նկատողություն»,- հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը և հայտարարեց ընդմիջում:
Նախատեսվում է, որ դատարանը կքննարկի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը, որը ներկայացվել է դեռևս մարտի 27-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։
Հիշեցնենք, որ մարտի 30-ի դատական նիստին դատախազները չէին ներկայացել, դատարանը հրաժարվել էր քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների դիմումը։