100 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում հնչած կրակոցը վերջ դրեց 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ Փաշայի կյանքին, որն «Իթիաթ» կուսակցության պարագլուխներից մեկն էր, երիտթուրքական հեղափուխությունից հետո ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտկոմի նախագահ, 1916 թվականից՝ Մեծ Վեզիր:
Կրակողը Սողոմոն Թեհլերյանն էր: Իսկ մինչ այդ, դեռևս 1914 թվականից Թեհլերյանի ընտանիքն անցել է բազմաթիվ փորձությունների միջով: Թուրքրեը սպանել են նրա մորն ու եղբորը, իսկ մյուս եղբորն ու քույրերին՝ առևանգել:
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականի ապրիլի 2-ին Բագառիճում (Երզնկայի գավառ, Արևմտյան Հայաստան), ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
1921 թ. Սողոմոն Թեհլիրյանը ներգրավվեց «Նեմեսիս» օպերացիային` Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մահապատժի իրականացման գործողություններին: Նրա հիմնական խնդիրն էր գտնել և վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչից` Թալեաթ փաշայից:
Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Թեհլիրիյանը պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն (իրավական գաղտնի խորհրդական) էր, իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական)։
գերմանացի դատապաշտպան պրոֆեսոր Նիմայերն իր ապշատպանական խոսքում ասել է. «1921-ի մարտի 15-ին ինքը չէր, որ փողոց նետվեց սպանելու Թալեաթին։ Իր հետ ոտքի ելան դարերը, միլիոնավոր նահատակները։ Նա, եթե կարելի է այդպես արտահայտվել, առաջնորդում էր նրանց ու ծածանում համայն հայության արժանապատվության դրոշը»։
Դատավարությունն սկսվեց հունիսի 2-ին, Բեռլինի նահանգային 3-րդ ատյանում։ Դատախազ Գոլնիկը կանխամտածված սպանության համար մահապատիժ էր պահանջում։ Երկու օր տեւած դատավիճաբանության ընթացքում ելույթներ ունեցան բժշկական փորձագետներ, վկաներ, Սողոմոն Թեհլերյանի պաշտպանները, պատմաբան Յոհաննես Լեփսիուսը, զորավար Օտտո Լիման ֆոն Զանդերսը, առաջնորդական տեղապահ Գրիգորիս Պալաքյանը։ Երկրորդ օրվա վերջում երդվյալ ատենակալները մեկուսացան խորհրդակցության։ Մեկ ժամ հետո ավագ գործավար Օտտո Ռայնեկեն դատասրահ վերադարձավ, հրապարակեց վճիռը.
«ՀԱՐՑ – Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921 թվականի մարտի 15-ին Շառլոտենբուրգում կանխամտածված ձեւով Թալեաթ փաշա անձնավորությանն սպանելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ – Ո՛չ»։
Անպարտ ճանաչվեց, դատարանի դահլիճից ազատ արձակվեց…
Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը:
1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) եւ ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։