5 տարի առաջ այս օրը, շաբաթ էր, այն սկսվել էր պատերազմի բոթով։ Թեժ լուրեր արցախյան առաջնագծից, շտապ հաղորդագրություններ, զոհերի մասին առաջին տեղեկություններ։
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություններ: Ադրբեջանցիները կիրառել էին իրենց զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռա-հրետանային միջոցների եւ զրահա-տեխնիկայի կիրառմամբ շարունակել էին ագրեսիվ ռազմական գործողությունների իրականացումը:
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել էին «Սմերչ» համա-զարկային կրակի ռեակտիվ համակարգ: Չորս օր, երբ երկիրը անքուն էր, կամավորագրում, հերոսական պատումների մասին չդադարող տեղեկատվական հոսք, դիվանագիտական աշխատանք, համահայկական զորաշարժ։ Ապրիլի 6 եւ զինադադարի մասին հայտարարույթուն։
Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը ռուս գործընկերոջ մասնակցությամբ հայտարարեցին կրակի դադարեցման մասին։ Առանց փաստաթուղթ ստորագրելու, առանց փոխելու 1994 թվականանի զինադարդարի մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի եռակողմ համաձայնագիրը։
Ունեցանք 75 զոհ, 61 զինծառայող, նրանցից կեսը՝ սպաներ, 12 աշխարհազորային, 2 պահեստազորային։ Տարածքային կորուստների իրական պատկերը մինչեւ այժմ վիճելի է։ Շահարկվում էր 800 հեկտարի թեման, հետո խոսվեց 400-ի մասին։ Բայց այլես այն իմաստազուրկ է, երբ կորսված է վերջին պատերազմից հետո Արցախի Հանրապետության 70 տոկոսը։
Ապրիլյան պատերազմը հետո դարձավ քաղաքական պայքարի գործիք։ Խորհրդարանական քննիչ մարմնի ստեղծում, որի աշխատանքի արդյունքը մինչեւ հիմա էլ անհայտ է։
Ապրիլյանի մասին կսահմանափակվեինք այսքանով, եթե չլիներ արդեն 2020-ը։ Իր ողջ սեւ պատկերով։