կարևոր
369 դիտում, 2 ամիս առաջ - 2021-04-01 17:53

«Նեմեսիս» գործողության 100-ամյակը` Գյումրու «Շիրվանյան» կենտրոնում

«Նեմեսիս» գործողության 100-ամյակը` Գյումրու «Շիրվանյան» կենտրոնում

Մարտի 25-ին Գյումրու «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնում կազմակերպել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության 100-ամյակին։ 

«Նեմսեսիս» գործողությունը հայկական գենի արթնացումն էր, արդարության ծարավի դրսևորումը, որը, որպես ծրագիր, հաստատվեց 1919 թվականին ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում:

Նեմեսիսը հունական դիցարանի վրեժի թևավոր աստվածուհին էր, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական և հասարակական նորմերը։

«Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնի անդամներն էին Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան, գործողության ղեկավար), Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։ Ծրագրի շրջանակներում առանձնացվեց Հայոց ցեղասպանության մեղավորների 650 անուն, որոնցից 41-ը՝ գլխավոր անուններ, որոնց թվում էին նաև հայ դավաճանների անունները։

Ծրագրում համար մեկը (Number One)՝ Թալեաթ փաշայի անունն էր, որի դատավճիռն ի կատար ածեց Սողոմոն Թեհլերյանը՝ 1921 թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում։ Մինչ այդ՝ Թեհլերյանը պատժել էր դավաճան Հարություն Մկրտչյանին (Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար)։

«Նեմեսիս»-ը խիստ գաղտնի ծրագիր էր, և մինչև օրս էլ գործողությունների շատ մանրամասներ գաղտնի են պահվում։  

Այսօր ավելի քան կարևոր է, որ մեր սերունդներն իմանան «Նեմեսիսի» մասին և հիշեցնեն աշխարհին, որ «Նեմեսիսը» աշխարհի փակ ակաջները բացելուն միտված գործողություն էր։

Խաղի ավարտին բոլոր մասնակիցները միասին կատարեցին խորհրդանշական «Գինի լից» երգը։

Պատրաստեց Սեդա Ոսկանյանը (ք. Գյումրի)