կարևոր
1029 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-01 17:13

Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունել է Արցախի մասին բանաձեւ

Այսօր՝ ապրիլի 1-ին Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն 120 կողմ ձայնով ընդունվեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձեւը։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից:

Բանաձեւում խստորեն դատապարտվում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային եւ կրոնական ժառանգության կոթողների եւ հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության եւ դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տեւական խաղաղության հասնելու եւ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորապես մտահոգություն է հայտնվում, որ ռազմագերիները եւ  բռնի պահվող այլ անձինք` ներառյալ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնեւի կոնվենցիայի (III) դրույթների։

Բանաձեւով կոչ է արվում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը եւ միջազգային կազմակերպություններին՝ ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների:

Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից  ԼՂ դեմ սանձազերծած վերջին 44-օրյա պատերազմի վերաբերյալ երկրորդ բանաձեւն է, որն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհուրդը։ Առաջին՝ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» բանաձեւը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է 2020թ․ հոկտեմբերի 22-ին։