կարևոր
1735 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-31 23:02

Նուբար Աֆեյանը խոսել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Նուբար Աֆեյանը խոսել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը աշխատանքներ  տանում՝ կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ  պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Այս մասին Նուբար Աֆեյանն ասել է «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը:

Աֆեյանը հիշեցրել է, որ 2020-ի հունվարից Moderna-ն սկսել է զբաղվել պատվաստանյութի մշակմամբ, և դեկտեմբերին բոլոր անվտանգության ստուգումներն անցնելուց հետո սկսել է դրա մասսայական արտադրությունը, որից հետո պատվաստանյութը սկսել է կիրառվել ԱՄՆ-ում  և այլ երկրներում, որոնք շատ ավելի վաղ փուլից էին դիմել, որ ստանան պատվաստանյութը:

«Մենք բավականին ուշադիր ենք նաև, թե ինչ վարքագիծ է դրսևորում վիրուսը, այն անընդհատ փոփոխվում է, շարունակում է վտանգ ներկայացնել մեզ համար: Վիրուսի շտամերը բավականի լուրջ փոփոխություններ են ունենում, մենք անընդհատ վիրուսի նոր տարբերակներ ենք գտնում»,-ասել է Աֆեյանը:

Նա նկատել է, որ նոր շտամերը ունենում են տարբեր ազդեցություն նրանց իմունային համակարգի վրա, ովքեր արդեն վարակվել են կամ նրանց իմունային համակարգի վրա, ովքեր պատվաստվել են:

«Այս շաբաթների ընթացքում մենք աշխատանքներ ենք տանում հարավաֆրիկյան շտամի դեմ նոր վակցինա մշակելու նպատակներով: Բնականաբար, մենք չգիտենք՝ մեր ընտրած ռազմավարությունը ճիշտ է, թե ոչ, մենք պետք է փորձենք հնարավորինս արագ ավարտել փորձարկումները, որպեսզի կարողանանք նաև հնարավորինս արագ վերջ դնել այս համավարակին»,-ասել է Աֆեյանը: