կարևոր
1436 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-31 09:56

Ուղիղ 28 տարի առաջ այս օրը Քարվաճառի ազատագրման ժամանակ վերադարձվեց Դադիվանքը

Ուղիղ 28 տարի առաջ այս օրը Քարվաճառի ազատագրման ժամանակ վերադարձվեց Դադիվանքը

Ուղիղ 28 տարի առաջ այս օրը՝ 1993 թվականի մարտի 31-ին, Քարվաճառի ազատագրման գործողության ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։

1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը տեղի է ունեցել Քարվաճառի ռազմական գործողությունը, որն իրականացրել են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ընդդեմ Ադրբեջանի զինված ուժերի Լաչին-քելբաջարյան խմբավորման։ Քարվաճառ շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությունը Արցախի գոյամարտի բեկումնային հաղթանակներից էր: Քարվաճառի ազատագրումը մեծ ձեռքբերում էր ոչ միայն Շահումյանի շրջանի ու Արցախի, այլ համայն հայության համար: 

Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր։ Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր. այն իրագործվեց երեք ուղղություններով միաժամանակյա հարձակմամբ։ Վարդենիսի ուղղությամբ կրակակետերի հրետանային հետախուզությունն իրականացվեց հունվարին. պատրաստվեցին քսանից ավելի խոշոր կրակակետերի ու հենակետերի վերաբերյալ բոլոր տվյալները։ Մարտի 27-ին ՊԲ ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քարվաճառի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։ Հանկարծահաս հարվածներով հաջողվեց նույն օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Չարեքթար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել նախկին ԼՂԻՄ-ի սահմանին։

ՊԲ զինուժը մարտի 29-ին մտել է Քարվաճառի շրջանի Ենիքենդ և Աղջաքենդ գյուղերը։ Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները։ Ապրիլի 2-ին հայկական զինուժը ազատագրել է Քարվաճառը Գանձակին կապող խաչմերուկը։ Գրավելով Քարվաճառը Գանձակին (Գյանջային) կապող խաչմերուկը' արցախյան ուժերը ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ: Այդ ազատագրումով հայերը ունեցան Արցախին կապող մի ճանապարհ ևս:

Քարվաճառը՝ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի ունի կարևոր ռազմական և ռազմավարական կարևոր նշանակություն: Քարվաճառի շրջանը, որը բարձադիր է արցախյան սարահարթի համեմատ, և այս շրջանում են սկիզբ առնում Արցախի գրեթե բոլոր գետերը, ուստի վերջինիս ազատագրմամբ լուծվեց նաև ջրի հարցը: Քարվաճառը ունի նաև կարևոր պատմական նշանակություն: Քարվաճառում է գտնվում Ղարաբաղի հայկական ճարտարապետության մարգարիտ՝ Դադիվանքը:

Հին դարերում Քարվաճառ բնակավայրը եղել է Ծար գավառի կարևոր և պատմական գյուղերից մեկը։ Գավառը Ծար անունը ստացել է 12-13-րդ դարերում, իսկ մինչ այդ կոչվել է Վայկունիք։ Վերջինը Մեծ Հայքի Արցախ նահանգի 12 գավառներից մեկն էր։ Ըստ ուսումնասիրությունների՝ Քարվաճառ բնակավայրի պատմությունը սկսվում է առնվազն 5-րդ դարից։ 5-ից 16-րդ դարերում այն ունեցել է Քարվաճառ անունը։ Բնակավայրը տարբեր դարերում հիշատակվում է հենց այդ անունով, ինչպես օրինակ 1402 թվականի մատենագրության մեջ, 15-րդ դարում Թումա Սյունեցու հիշատակարանում, 1661 թվականի հիշատակարանում, 1873 թվականի մի գրության մեջ և այլն։

Դադիվանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարի սկզբում: Դադիվանքը Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է: Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի): Պահպանված կառույցների հիմնական մասը թվագրվում է 12-13 դարերով, որը վանքի ծաղկման շրջանն էր:

Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII - XIII դարերի դեպքերի մասին։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին՝ վերաբացվել, իսկ 1997 թվականից սկսվել են վերանորոգման աշխատանքները։

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007թ. հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում Արցախում:

Իսկ ահա այսօր հայ ուխտավորները Դադիվանք կարող են մտնել միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի չարաբաստիկ համաձայնության արդյունքում Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը տրվեց Ադրբեջանին։ Շրջանն ունի բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, եկեղեցիներ, մատուռներ, որոնց գլուխգործոցը Դադիվանքի վանական համալիրն է։