կարևոր
1030 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-30 23:09

Եղեգնաձորի ոստիկանները 1 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել թմրամիջոց իրացնողի տանը

Եղեգնաձորի ոստիկանները 1 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել թմրամիջոց իրացնողի տանը

Եղեգնաձորի ոստիկանները 1 կիլոգրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել թմրամիջոց իրացնողի Եղեգիս գյուղում գտնվող տանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ մարտի 25-ի առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ձեռք բերել, որ Եղեգիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածության համաձայն, 23-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացրելու։ «Եղեգնաձորի ոստիկանները շտապեցին քաղաքի Երևանյան խճուղում գործող արագ սննդի կետերից մեկի մոտ, որտեղ նրանք պետք է հանդիպեին։ Քրեական հետախույզները դարանակալեցին, իսկ երբ տղամարդը թմրամիջոցով ծխախոտի տուփը փոխանցեց երիտասարդին, երկուսին էլ բռնեցին։ Երիտասարդի ձեռքում ծխախոտի տուփ կար, որի միջի թմրամիջոցներով փաթեթներից երկուսն ընկել էր, իսկ մյուս մասը մնացել տուփում:  Նրա մասնակցությամբ, կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 13 գրամից ավելի քաշով։  Երիտասարդը բերման ենթարկվեց բաժին»,-։ ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունից նաև հայտնում են, որ իրացնողը բաժին բերման է ենթարկվել դեպքի վայրի զննությունից առաջ։ Նրա խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ են հայտնաբերվել, նաև՝ նմանատիպ զանգվածով գլանակ ու թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված խողովակ:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկել են տղամարդու Եղեգիս գյուղում գտնվող տունը, որի տարբեր հատվածներում հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, կանեփանման բույսեր ու սերմեր՝ ընդհանուր 1 կիլոգրամ 300 գրամից ավելի քաշով։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը նախկինում ևս տարբեր անձանց թմրամիջոց է իրացրել։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։