կարևոր
1314 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-30 20:16

Հակոբ Արշակյանը գտավ «մեղավորին»

Հակոբ Արշակյանը գտավ «մեղավորին»

Միջազգային ռազմատեխնիկական խոշորագույն ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության խայտառակվելու, ցուցահանդեսում հայկական տաղավարում միայն բուկլետներ տեղադրելու համար հանրային աղմուկից հետո հետաքննության արդյունքում երեք պաշտոնյա ստացել են պարզապես նկատողություն։ Այդ մասին հայտնում է ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության պաշտոնական կազմակերպիչ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Աղմուկից հետո, փետրվարի 24-ին սկսվել էր ծառայողական քննություն միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու եւ ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով:

Հայտնի է դառնում, որ ցուցանմուշները Էմիրաթներ պետք է հասնեին դրանց արտադրող ընկերությունների հաշվին, եւ պետական բյուջեից գումար չէր նախատեսվում։

Քննության արդյունքում պարզվել է, որ «Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, որոնք թերացել են իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման գործում», երկուսը ստացել են «նկատողություն», մեկը՝ «խիստ նկատողություն»։ Այսքանը միայն։

Հիշեցնենք, որ նախարարը սկանդալից հետո հայտարարել էր, որ լոգիստիկ խնդիրների պատճառով են ապրանքներն ուշացել։ Ի դեպ, հաղորդագրությունում այս խախտման մասին արձանագրելով, շտապել է կրկնել նախկին դրույթները, թե հայկական կողմը լավ ներկայացված է եղել։

Ի դեպ, այս նախարարության պատասխանատվության տակ գտնվող ArmHiTech 2021-ը եւս հետաձգվել է վերջին պահին, համավարակի պատճառաբանությամբ, թեեւ կառավարությունն ու իշխանություններն այդ ընթացքում փորձում են հնարավորինս բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել գյուղերում՝ Նիկոլ Փաշինյանին ժողովրդական աջակցության պատկեր ստեղծելու համար։