կարևոր
1137 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-30 17:20

Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները կարևորել են գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում փոխանակման ծրագրերի իրականացումը

Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները կարևորել են գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում փոխանակման ծրագրերի իրականացումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ: 

Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն առանձնացրել են գյուղատնտեսության առանձին ոլորտները և զբոսաշրջությունը. կարևորվել է այդ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը:

Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր անդորրացի գործընկերոջը համապարփակ ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: